Սիրելի բարեկամ,
Այս գրքերը ես գրել եմ քեզ համար անսահման սիրով: Ինձ թվում է, հասկանում եմ որքան դժվար է քո տարիքում անընդհատ հաշտվել պարտադրանքի հետ: Անել բաներ, որ չես ցանկանում: Քո հրաշալի մանկությունն ու պատանեկությունը թունավորվում է: Այդ ամենը շատ վատ հետևանքներ է թողնում հետագայում: Ցանկանում եմ, որ դու սիրես այն ամենն ինչ քեզ շրջապատում է: Ինչպես սիրում ես ծնողներիդ, հարազատներիդ, ընկերներիդ, քո խաղերը և այլն:
Այդպես սիրես քո գրքերը, դպրոցը, որ շատ կարևոր է հետագա կյանքիդ համար: Շա՜տ: Հատկապես դասագրքերը: Որովհետև հետագայում կգտնես և կկարդաս ուզածդ գիրքը, բայց դրա համար պետք է արժեվորես գիրքը, որ ցանկանաս գտնել: Իսկ թե իմ, թե իմ զավակների դպրոցական դասագրքերը հիմնականում դիմադրություն, հակակրանք են առաջացրել: Բացառություններ միշտ էլ լինում են: Շատ քչերն են, որ հաճույքով են սովորում բոլոր առարկաները…
Ես այս աշխարհում ապրում եմ շատ վաղուց, ծնվել եմ դեռ անցյալ դարում, պատկերացնու՞մ ես: Սովորել, կարդացել եմ, ինչ սիրում եմ: Դա, իհարկե, այնքան էլ հեշտ չէ, բայց ավելի գերադասելի է, քան հարմարվելը: Այնքան եմ հմտացել, որ սկսել եմ թարգմանել, գրել իմ գրքերը, թե դպրոցի, թե համալսարանի համար: Եթե կուզես, առանձին կգտնես իմ աշխատությունների հակիրճ ցանկը: Շատ հոդվածներ եմ գրել լեզվի, գրականության, տաղանդավոր մարդկաց մասին: Բայց միշտ մտածել և համոզվել եմ, որ ամենակարևորը քեզ համար գրելն է:
Իմ գրքերում ուշադրոււթյուն դարձրու ամեն տառին, բառին ու նախադասությանը: Գույներին, ինչպես են ձևավորված, ինչ տողատակ, պատգամ ունեն: Ոչինչ պատահական չէ: Կհասկանաս: Կլցվես այն անգնահատելի բարձր որակով, որ քո ողջ կյանքում հզոր զենք կդառնա այս խելահեղ աշխարհի բոլոր վիրուսների ու չարության դեմ: Դու ամուր և ուժեղ կլինես, քանի որ այս գրքերը կօգնեն քեզ լինել ԱՆՀԱՏ: Մարդ, որ գիտի ով է ինքը, ինչ է ուզում և գիտի ինչպես հասնել իր նպատակին: Եվ ուրեմն՝ գիտի իսկական երջանկության գաղտնիքը: